ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը աշխատանքային այցով Հունաստանում է գտնվում մարտի 13-15 ՀՅԴ Հունաստանի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպվող «Մեր հերոսական Արցախը» խորագրով միջոցառումներին մասնակցելու նպատակով։ Այս մասին News.am–ին հայտնել են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

ԱԳՆ ղեկավարի այցը սկսվել է Հունաստանի Հայ Ավետարանական եկեղեցի եւ մի շարք հայկական ուսումնական հաստատություններ, մասնավորապես, «Գալփաքյան» ու «Զավարյան» վարժարաններ այցելություններից, որտեղ նախարարը ծանոթացել է նրանց գործունեությանը եւ շփվել սաների հետ։

Նույն օրը Կարեն Միրզոյանը Հունաստանի Հայոց ազգային առաջնորդարանում հանդիպել է Կաթողիկոսական Փոխանորդ Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանի եւ Հունահայոց ազգային վարչության անդամների հետ։ ԱԳ նախարարը ներկայացրել է Արցախում տեղի ունեցող գործընթացները, ինչպես նաեւ Արցախի ՊԲ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրադրությունը եւ պատասխանել ներկաների կողմից բարձրացված հարցերին։