«Նաիրիտ» գործարանի ղեկավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, կապված ընկերությունում մի քանի ամիս չվճարված աշխատավարձերի եւ իր աշխատակիցների բողոքների հետ:
Հայտարարության մեջ մասնավորապես, ասված է.
«Նաիրիտ Գործարան» ընկերությունում, կապված աշխատավարձների չվճարման խնդրի հետ, ստեղծվել է լարված իրավիճակ եւ այսօր էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցների ապակողմնորոշիչ, իրականությանն ու ճշմարտությանը չհամապատասխանող տեղեկատվության տարածումը կարող է ավելի սրել այն:
Խնդրում ենք առաջիկայում ձեռնպահ մնալ չստուգված եւ չհիմնավորված տեղեկատվության տարածումից, առավել եւս դրանցում չներքաշել քաղաքական գործիչներին եւ գործարանի հանգուցյալ աշխատակիցներին, ինչը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ»:
Հիշեցնենք, որ այսօր` նոյեմբերի 11-ին «Նաիրիտ» գործարանի մի քանի տասնյակ աշխատակիցներ բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի առջեւ: Նրանց բողոքը լսել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Ցուցարարները դժգոհել են, որ 3-4 ամսվա աշխատավարձ չեն ստացել, բացի այդ, գործարանի ղեկավարությունը պարտադրում է ստորագրել մի փաստաթղթի տակ, ըստ որի իրենք աշխատանքի չեն գալիս իրենց կամքով: Բողոքում էին, որ անգամ աշխատանքի գնալու գումարներ չունեն:Էներգետիկայի նախարարը խոստացել է մինչեւ նոյեմբերի 16-ը պարզաբանումներ կներկայացնի: Նա ասաց, որ կառավարությունը եւս քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ՝ չմանրամասնելով, թե ինչ քայլեր:
Ավելի վաղ «Նաիրիտի» աշխատակիցները NEWS.am-ին հայտնել էին, որ «Նաիրիտի» աշխատակից, 48-ամյա Սիմոն Զարգարյանն օրեր առաջ մահացել է հիվանդանոցում՝ չկարողանալով վճարել վիրահատության համար անհրաժեշտ 100 հազար դրամը (մոտ 280 դոլար): Նրանց խոսքով՝ հիվանդ բանվորը ունեցել է 3 ամսվա չվճարած աշխատավարձ, ու երբ գործարանի ղեկավարությանը խնդրել է՝ վճարել անգամ մեկ ամսվա պարտքը, չեղյալ հայտարարելով մյուս 2 ամիսներինը, մերժում է ստացել:





























