Այսօր` նոյեմբերի 11-ին ժամը 17:00-ի սահմաններում Կապանում մեկնարկել եւ ներկայումս էլ շարունակվում է ուրանի հանքավայրի շահագործման դեմ սկսված հանրահավաքը:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց Կապանի մեր աղբյուրը, հանրահավաքին մասնակցում է շուրջ 2000 մարդ, հիմնականում Կապանի բնակիչները: Այնտեղ են նաեւ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը:
Ի դեպ, նա մարզպետի անունից հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է.
«Մարզային իշխանությունները ժողովրդի հետ են եւ միասին պայքարելու են ուրանի հանքավայրերի որոնման եւ շահագործման դեմ»:
Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն իր ելույթում ասել է, որ «պետությունը չպետք է ժողովրդի այրունը ծծի, այլ պետք է ժողովրդի կողքին կանգնի»:
ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ցանկացել է ելույթ ունենալ, սակայն կազմակերպիչները հարձակվել են նրա վրա եւ անջատել միկրոֆոնը: Ժողովրդի պահանջով, սակայն, միկրոֆոնը միացրել են եւ Փոստանջյանը կարողացել է ելույթ ունենալ:
Ելույթ է ունեցել նաեւ Սյունիքի մարզի «Խուստուփ» ՀԿ-ի նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը, ով առաջարկել է ժողովրդի անունից ուղերձ հղել Հանրապետության նախագահին:
Նշենք, որ կազմակերպիչները հայտարարել են, թե սա քաղաքական պայքար չէ, սա բնապահպանական պայքար է եւ թույլ չեն տա քաղաքականացնել այն:




























