Դուբայի կառավարությունը մտադիր է առաջիկա տարիներին հասնել խաղաղ ատոմի միջոցով իր էլեկտրաէներգիայի 20 տոկոս կարիքների բավարարման։ Այդ մասին հաղորդում է ռուսական «Ռիա-Նովոստին»:

Էլեկտրաէներգիայի եւս 20 տոկոսը Էմիրաթները նախատեսում են ստանալ «մաքուր վառելիքի» տեխնոլոգիաների միջոցով, որը նախատեսում է վնասակար արտանետումների կրճատում:

Այդ ծրագրերը հանդիսանում են Դուբայի զարգացման 20-ամյա  ռազմավարության մասը, որի շրջանակներում կառավարությունը մտադիր է հասնել ածխաջրածնային հումքից կախվածության թուլացման:

Համաձայն անցյալ տարվա դեկտեմբերին ԱՄԷ-ի եւ Հարավային Կորեայի միջեւ կնքած պայմանագրի՝ կորեական կոնսորցիումը KEPCO կորպորացիայի գլխավորությամբ ԱՄԷ-ում կկառուցի 4 ատոմակայան՝ յուրաքանչյուրը 1,4 հազ. մՎատ հզորությամբ։ Շինարարությունը կսկսվի 2012 թ. եւ կավարտվի 2020-ին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին պաշտոնական այցով հայաստանում գտնվող ԱՄԷ արտաքին առեւտրի նախարար Շեյխա Լուբնա ալ Քասիմին հայտարարեց, որ իր երկիրը Հայաստանի հետ եւս ցանկանում է համագործակցել միջուկային էներգետիկայի բնագավառում։