Այս տարվա վերջին կամ ամենաուշը հաջորդ տարվա սկզբին հայաստանյան ինտերնետ պրովայդերները կսկսեն պայմանագրեր կնքել «Արմիքս» հայկական ինտերնետ թրաֆիքի փոխանակման հիմնադրամին հետ։ Այս մասին  NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Արմիքս» հայկական ինտերնետ թրաֆիքի փոխանակման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալբերտ Տոնեյանը։ Նրա տեղեկացմամբ՝ հիմնադրամի համար արդեն իսկ նախապատրաստվել է տարածք եւ ձեռք են բերվել սարքավորումներ։

«Կարծում եմ բոլոր ինտերնետ մատակարարողները կմիանան այդ հիմնադրամին եւ բոլորը պայմանագրեր կկնքեն, ինչը ոչ միայն տնտեսապես ավելի շահավետ կլինի նրանց համար, այլեւ տրամադրվող ինտերնետը ավելի մեծ արագություն կունենա»,-ասաց Ա. Տոնեյանը։ 

Ինչպես ավելի վաղ NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում նշել էր Ա. Տոնեյանը նոր ստեղծված կառույցի շնորհիվ, եթե անգամ երկու ինտերնետ մատակարարող ընկերությունների միջեւ կապն ընդհատվի, միեւնույն է բաժանորդը կարող է կապ ունենալ, քանի որ հիմնադրամին միացող բոլոր ինտերնետ մատակարարող ընկերությունները կապված կլինեն միմյանց եւ փոխանակման կենտրոնին, ինչի արդյունքում կարելի է ստանալ ավելի արագ ինտերնետ, որը արդեն հուսալի կլինի վիդեոկոնֆերանսների եւ լրացուցչիչ այլ ծառայությունների համար։

Նշենք, որ Հայկական ինտերնետ տրաֆիկի փոխանակման հիմնադրամը՝ «Արմիքս», ստեղծվել է այս տարի։ «Արմիքս»-ի հիմնադիրներն են «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը» եւ «Ինտերնետ հանրություն»  հասարակական կազմակերպությունը, իսկ նախաձեռնող խմբում ընդգրկված են ներկայացուցիչներ Հայաստանի առաջատար ՏՀՏ ընկերություններից՝ «Օրանժ Արմենիա», ADC, GNC Alfa, Icon Communications, Web, Ucom, Ապագա Թեքնոլոջիս», «Շիրակ Թեքնոլոջիս» եւ այլ ընկերություններ: