Ֆրանսիայի նախագահ հրահանգել է ուժեղացնել իր տիկնոջ` Կառլա Բրունիի, ինչպես նաեւ ընտանիքի անդամների թիկնազորը, ինչն առաջ է բերել Բրունիի դժգոհությունը:
Կառլա Բրունի-Սարկոզիի անվտանգությունը ուժեղացվել է այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ Ուսամա Բեն Լադենը խոստացել է «սպանել Ֆրանսիայի հպատակներին»` Աֆղանստանում պատերազմին Ելիսեյան պալատի աջակցության համար:
Բրիտանական Daily Telegraph-ը` հղում անելով Pure People ինտերնետ պորտալին, գրում է, որ ֆրանսիական հետախուզությանը հայտնի է դարձել, որ վտանգն սպառնում է անգամ Սարկոզիի կնոջը: Արդյունքում, հիմա, ըստ կայքի, «Կառլային արգելված է հայտնվել մարդկանց մեջ` առանց թիկնազորի, իսկ նրա ու Սարկոզիի տեղաշարժերի բոլոր մանրամասները գաղտնի են պահվում»:
Բացի այդ, այսուհետ Կառլա Բրունին եւ Նիկոլա Սարկոզին չեն կարող գտնվել նույն մեքենայում, հաղորդում է Euromag.ru-ն, հավելելով, որ թիկնապահների անընդհատ ներկայությունը նյարդայնացում է Կառլային:
Ընդ որում, թիկնազորի հսկողության տակ են գտնվում նաեւ Կառլայի մայրը` Մարիսան, քույրը` Վալերիան եւ 9-ամյա որդին: Իսկ երեխայի հորը որոշակի անվտանգության կանոններ են ուսուցանել:
Ելիսեյան պալատը դեռ որեւէ կերպ չի մեկնաբանել այս տեղեկությունները:





























