Թուրքիայում գտնվող Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` նոյեմբերի 11-ին այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան, որտեղ հանդիպել է պոլսահայ համայնքի ներկայացուցիչների` թաղային խորհուրդների ղեկավարների, համայնքային գործիչների, հայկական լրատվամիջոցների լրագրողների հետ:

ՏԿՆ մամուլի ծառայությոնից NEWS.am-ին հայտնում են, որ Ա. Գեւորգյանը ընդգծել է պատմական պոլսահայ համայնքի առանձնահատուկ նշանակությունը հայ ժողովրդի կյանքում:

Նշելով, որ պոլսահայ համայնքը միշտ եղել է Սփյուռքում ազգային ավանդույթների, հոգեւոր եւ մշակութային արժեքների պահպանության կարեւոր օջախ, փոխվարչապետը կարեւորել է հետագայումս եւս այդ ավանդույթների շարունակումը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել համայքնային կյանքին, համայնքին հուզող խնդիրներին: Փոխվարչապետը պատասխանել է նաեւ ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին մասնավորապես Հայաստան- Սփյուռք հարաբերություններին, Հայաստանում իրականացվող ծրագրերին, համայնքին աջակցելու հնարավորություններին:

Փոխվարչապետը եղել է նաեւ Պատրիարքարանի թանգարանում, Պոլսո Սուրբ Աստվածածին եկեղեցում, Պեզչյան վարժարանում: Քննարկվել են հայոց լեզվի պահպանության, ուսումնական հաստատությանն անհրաժեշտ գրականությամբ, դասագրքերով աջակցելու հարցեր: