Այսօր` նոյեմբերի 11-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում Գագիկ Ծառուկյանի թիկնապահի հետ տեղի ունեցած ավտովթարի արդյունքում հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում հայտնված ՌԴ քաղաքացի Ալսու Ֆատտախովան արդեն դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից:

Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: Բժիշկները նրա վիճակը գնահատում են նորմալ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր գիշերը ժամը 3-ի սահմաններում,  Մյասնիկյան պողոտայում՝ Ջրաշխարհի դիմաց, վրացական TSO-008 պետհամարանիշներով «Մերսեդես G 500» մակնիշի (Բրաբուս) ավտոմեքենայի վարորդը, մեքենան վարելով մեծ արագությամբ, բախվել էր բետոնե արգելապատնեշին եւ շուռ եկել: Մեքենան շրջվելուց հետո մոտ 50 մետրից ավելի սահել էր:

Վթարի հետեւանքով մարմնական ծանր վնասվածքներ ստացած մեքենայի վարորդն ու ուղեւորը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Մեքենայի վարորդը՝ 37-ամյա Կարեն Մարտիրոսյանը, ով  Աժ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի թիկնապահներից է, մահացել էր հիվանդանոցում: Իսկ ուղեւորը՝ ՌԴ քաղաքացի, 21-ամյա Ալսու Ֆատտախովան այս պահին գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:

 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի