Նիդեռլանդացի ընտրողների շրջանում հայտնի երկու կայքեր չորեքշաբթի օգտատերերին անհասանելի են դարձել՝ հավանաբար հաքերային հարձակման հետեւանքով: Այս մասին հայտնում է «Ռեյթերը»:

Գործակալության տեղեկություններով՝ անհայտ հաքերները հարձակվել են Stemwijzer եւ Kiescompas կայքերի վրա, որոնք «Նիդեռլանդների բնակիչներին օգնում են որոշել, թե որ կուսակցության օգտին քվեարկեն»: Կայքերն ընտրողներին առաջարկում են մի շարք հարցերի պատասխանել, որից հետո ցույց են տալիս, թե որ կուսակցության գաղափարախոսությունն է համապատասխանում իրենց տեսակետին: Նշվում է, որ ընտրողների մեծամասնությունը կայքեր է այցելել մինչեւ ընտրությունները, այլ ոչ թե քվեարկության օրը:

Նիդեռլանդներում խորհրդարական ընտրությունները ընթանում են այսօր՝ մարտի 15-ին:

Stemwijzer կայքը հաստատել է, որ կայքի վրա «DDoS հարձակում» է իրականացվել: Ներկայումս կայքը հասանելի է, սակայն հարձակումները շարունակվում են:

Չորեքշաբթի Twitter ընկերությունը եւս հաստատել է, որ ցանցի խոշոր կազմակերպությունների եւ ընկերությունների հաշիվների վրա հաքերային հարձակումներ են կատարվել: