«Նաիրիտ» գործարանի մի քանի տասնյակ աշխատակիցներ այս պահին երթ են իրականացնում: Ինչպես հայտնում է երթը լուսաբանող ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ երթը մեկնարկել է «Նաիրիտ» գործարանի մոտից: Գործարանի աշխատակիցները ներկա պահին շարժվում են Պռոշյան փողոցով եւ կանգ են առնելու Բաղրամյան 26 հասցեում գտնվող ՀՀ նախագահի նստավայրի մոտ: Երթի մասնակիցները բողոքում են իրենց աշխատավարձերի չվճարման դեմ: Երթն ընթանում է խաղաղ, առանց միջադեպերի: Երթի մասնակիցներին ուղեկցում են ոստիկանության կենտրոնի բաժնի աշխատակիցները:
Նշենք, որ երեկ եւս «Նաիրիտ» գործարանի մի քանի տասնյակ աշխատակիցներ բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի առջեւ: Նրանց բողոքը լսել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Էներգետիկայի նախարարը խոստացել է մինչեւ նոյեմբերի 16-ը պարզաբանումներ ներկայացնել:
Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանի ղեկավարությունը երեկ՝ նոյեմբերի 11-ին, հանդես է եկել հայտարարությամբ, կապված ընկերությունում մի քանի ամիս չվճարված աշխատավարձերի եւ իր աշխատակիցների բողոքների հետ:
Հայտարարության մեջ մասնավորապես, ասված է. «Նաիրիտ Գործարան» ընկերությունում, կապված աշխատավարձների չվճարման խնդրի հետ, ստեղծվել է լարված իրավիճակ եւ այսօր էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցների ապակողմնորոշիչ, իրականությանն ու ճշմարտությանը չհամապատասխանող տեղեկատվության տարածումը կարող է ավելի սրել այն:
Խնդրում ենք առաջիկայում ձեռնպահ մնալ չստուգված եւ չհիմնավորված տեղեկատվության տարածումից, առավել եւս դրանցում չներքաշել քաղաքական գործիչներին եւ գործարանի հանգուցյալ աշխատակիցներին, ինչը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ»:







Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




























