Հայաստանում նախընտրական քարոզչության ընթացքում բռնությունների հետ կապված մեծ պատասխանատվություն ունեն իրավապահ մարմինները: Մարտի 16-ին «Ելք» դաշինքի ներկայացուցիչների հետ հանդիպումից լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նրա խոսքով՝ բռնություն միշտ վատ է: «Մենք հույս ունենք, որ բռնություններին վերջ կդրվի: Եվ ես հավատում եմ հայերի ուժերին: Հայերը հնագույն քաղաքակրթություն ունեցող ժողովուրդ են: Եվ եթե անգամ էմոցիաներ կան, բազմաթիվ երկրներում նախընտրական քարոզչության ընթացքում դրանք կան, Հայաստանում այդ էմոցիաները բռնության չեն վերաճի: Իրավապահ մարմինները մեծ պատասխանատվություն ունեն, քանի որ այլ երկրների օրինակով գիտենք. եթե բռնությանը համապատասխան արձագանք չի հետեւում, դրան ավելի մեծ բռնություն կարող է հետեւել»,- ընդգծեց Սվիտալսկին:

Հետեւաբար, դեսպանի խոսքով, ԵՄ-ն ուշադիր հետեւում է իրավապահ մարմինների գործունեությանը՝ ոստիկանության, քննչական կոմիտեի: «Եվ ես հույս ունեմ, որ նրանք անում են իրենց գործը, քանի որ բռնության հետագա ակտերի կանխարգելումը նրանց գործն է: Մինչեւ հիմա ստացված հաղորդումներն առանձին դեպքերի մասին են: Եվ մենք հույս ունենք, որ նախընտրական այս քարոզարշավի ընթացքում այլեւս բռնություն չի լինի»,- հավելեց Պյոտր Սվիտալսկին:

Հայաստանի իշխանությունների հետ իրավիճակը քննարկելու մասին հարցին դեսպանը պատասխանել է. «Մենք այդ միջադեպերը քաղաքական մակարդակով չենք քննարկել: Մենք դա թողել ենք իրավապահ ինստիտուտներին: Հարցը քննարկել ենք տեխնիկական մակարդակով: Մենք ընտրությունների հարցով հատուկ խորհրդական ունենք, եւ նա ամենօրյա կապի մեջ է ոստիկանության, իրավապահ այլ մարմինների հետ: Մենք այդպես ենք հետեւում իրադրությանը»:

Իհարկե, ըստ դիվանագետի, Բրյուսելն անհանգստացած է Հայաստանում բռնության դեպքերի առիթով: «Որոշ այլ երկրներում մենք ականատես ենք եղել, որ բռնությունը կարող է ձնագնդի արդյունք ունենալ: Հետեւելով իրադրությանը՝ մենք ուսումնասիրում ենք ոստիկանության գործողությունները: Ինչպես հասկանում ենք՝ ինչ-որ մարդիկ են ձերբակալվել, նախաքննություն է սկսվել: Ոստիկանություն գիտի՝ ինչ անել: Դա նրանց պատասխանատվությունն է»,- փաստեց դեսպանը:

Հարցին, գիտի՞ արդյոք, որ այդ միջադեպերի մասնակից է նաեւ Հայաստանի բարձրաստիճան ոստիկաններից մեկի եղբայրը, Պյոտր Սվիտալսկին պատասխանեց. «Մենք ամեն ինչ գիտենք: Մենք գրեթե ամեն ինչ գիտենք, քանի որ ներգրավված ենք նախընտրական գործընթացի նախապատրաստական աշխատանքներին եւ ամեն ինչ պետք է ուսումնասիրենք: Երեկ ես օրն անցկացրել եմ Հայաստանի ընտրությունները քննարկելով: ԵՄ-ն նախկինում երբեք այսքան մեծ ուշադրություն չի դարձրել նախընտրական քարոզարշավին եւ ոչ միայն: Եվ մենք դա ինքնուրույն չենք անում, մեզ հրավիրել են, որպեսզի աջակցենք, մենք մեր օգնությունը չենք պարտադրել»:

Անդրադառնալով NEWS.am-ի թղթակցի հարցին, արդյո՞ք լավատեսորեն է տրամադրված առաջիկա ընտրությունների հետ կապված, հաշվի առնելով Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում եւ երեկ Երեւանում տեղի ունեցած միջադեպերը, Պյոտր Սվիտալսկին հումորով ասաց. «Ես, հավանաբար, ամենալավատես դիվանագետն եմ Հայաստանում: Ես հավատում են, որ եթե ընտրություններում ամեն ինչ լավ իրագործվի, մասնավորապես տեխնոլոգիաները՝ ընտրողների նույնականացում, տեսախցիկներ, ինչպես նաեւ իրականացվի ընտրողների ցուցակների հրապարակման հետ կապված պայմանավորվածությունը, ընտրությունների արդյունքն ավելի լավը կլինի: Ոչ կատարյալ, քանի որ վատ սովորույթները դժվարությամբ են վերանում: Եվ մարդիկ, որոնք ներգրավված են եղել նախորդ ընտրություններում, որոշ վատ սովորույթներ են արմատավորել, բայց ես լավատես եմ»: