«Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցնելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերող» մահը չպետք է քաղաքական շահարկումների առիթ դառնա: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Բնականաբար, շատ ծանր դեպք է, պետք է ցավակցեմ Արթուրի ընտանիքին, հարազատներին: Նաեւ ցավում եմ, որ նման վշտի դեպքում կան քաղաքական շահարկումներ, մենք պետք է ձեռնպահ մնանք այդ շահարկումներից: Իրավապահները զբաղվում են այդ գործով, կլինի քննություն եւ իրավապահ մարմինները կանեն հայտարարություն պատճառների հետ կապված, եթե եղել է թերություն՝ անպայման մեղավորները կպատժվեն: Չպետք է վիշտն ավելի բորբոքել մանր քաղաքական շահարկումներով, իրենց խնդիրները լուծելու համար շահարկել այդ վիշտը»,-ասել է նա՝ նշելով, որ, եթե նախընտրական պրոցես չլիներ՝ իշխանությունների նկատմամբ նման մեղադրանքներ չէին հնչի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։
«Հաց բերողը» կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունենալու պատճառով ազատ արձակվեց դեկտեմբերի 30-ին, ապա կրկին կալանավորվեց՝ քննչական մարմին չներկայանալու պատճառաբանությամբ:
Իրեն ազատ արձակելու պահանջով Արթուր Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր: Նրա խափանման միջոցը փոխվեց միայն մարտի 6-ին՝ մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորության դիմաց:
Արթուր Սարգսյանը 48 տարեկան էր, մասնագիտությամբ քանդակագործ, փորագրող վարպետ:



























