Վրաստանի նախկին ԱԳ նախարար, այժմ «Վրաստանի ճանապարհ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Սալոմե Զուրաբիշվիլին ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի Իրանի դեմ պատժամիջոցների հարցով հանձնաժողովի ղեկավար է նշանակվել։ Այս մասին Թբիլիսիում նոյեմբերի 12-ին հայտարարել է ինքը՝ Զուրաբիշվիլին։
Նա ասել է, որ «ժամանակավորապես լքում է Վրաստանը եւ ընդդիմության շարքերը, սակայն անպայման վերադառնալու է այն ժամանակ, երբ հարմար գտնի»։
«Այժմ կոնկրետ չեմ կարող ասել՝ երբ կվերադառնամ Վրաստան, բայց անպայման կվերադառնամ, որպեսզի ակտիվորեն մասնակցեմ երկրի կյանքին»,- ասել է 58-ամյա Զուրաբիշվիլին։
Նա նշել է, որ «Վրաստանում իսկական ժողովրդավարություն չկա, իսկ նման պայմաններում ընդդիմադիր լինել, նշանակում է մասնակցել իշխանությունների խաբկանքներին»։
Զուրաբիշվիլին հայտնել է, որ «Վրաստանի ճանապարհը» կշարունակի իր գործունեությունը եւ իր բացակայության օրոք կազմակերպությունը կղեկավարի կուսակցության վարչության անդամ Կախա Սետուրիձեն։
Սալոմե Զուրաբիշվիլին ծնվել է 1952 թվականին Վրաստանում՝ վրացի քաղաքական էմիգրանտների ընտանիքում, բարձրագույն կրթություն է ստացել Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում, ավելի քան 25 տարի աշխատել Ֆրանսիայի ԱԳՆ ենթակառույցներում, 2003-ից զբաղեցրել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը։ 2004 թվականի մարտից ղեկավարել է Վրաստանի ԱԳՆ-ն։ 2005 թվականին պաշտոնանկ է արվել, իսկ 2006 թվականին հիմնադրել է «Վրաստանի ճանապարհ» ընդդիմադիր կուսակցությունը՝ վերջին տարիներին ակտիվորեն քննադատելով Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի քաղաքականությունը, հայտնում է «Կավկազ on-line»-ը։





























