Ցեղակրոնությունը առողջ ազգայնական գաղափարախոսություն է, եւ եթե չլիներ Գարեգին Նժդեհն իր այսպես կոչված «ռասիստական» գաղափարախոսությամբ, չէր հռչակվի անկախ Հայաստանը, Զանգեզուրը չէր ազատագրվի թուրքական օկուպացիայից: Եթե չլիներ Նժդեհը, չէր լինի նաեւ ներկայիս Հայաստանը, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր աշխատի Մատենադարանում: Նոյեմբերի 12-ին կայացած ասուլիսում նման կարծիք է հայտնել ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը՝ մեկնաբանելով Հայաստանի առաջին նախագահի այն հայտարարությունը, թե ՀՀԿ-ի գաղափարախոսությունը ռասիստական է:
«Մեր գաղափարախոսությունը, որը ստեղծել է Գարեգին Նժդեհը, ցեղակրոնությունն է, եւ այն ռասիստական անվանել հնարավոր չէ: Այդ գաղափարախոսությունը գոյություն ունի Գարեգին Նժդեհի ժամանակներից, բայց ինչո՞ւ է հիմա առաջին նախագահը հիշել դրա մասին»,- հարց է տվել Զոհրաբյանն ու ինքն էլ պատասխանել է. «Քանի որ 10-15 օր առաջ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը դիմել է Չավուշօղլուին, որ Հայաստանի նախագահի արտահայտած մտքերը ռասիստական եւ ֆաշիստական են: Ադրբեջանցիներն անգամ մտադիր էին դատի տալ Հայաստանի նախագահին՝ մեղադրելով, որ նա ռասիստական մտքեր է արտահայտում եւ վիրավորում է ադրբեջանական ժողովրդին»:
Զոհրաբյանի խոսքով, ադրբեջանական մամուլը շատ է գրել այդ մասին, իսկ հայկական մամուլը՝ ոչ: Սակայն, որպեսզի դա դառնար հայ հանրության սեփականությունը, պետք էր խոսնակ, եւ այդ խոսնակը դարձավ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ բարձրաձայնելով ադրբեջանցի գործիչների մտքերը. «Այսինքն, Լեւոն Տեր-Պետրոսյանը դարձավ ադրբեջանցիների խոսնակը, որը սփռում է ադրբեջանցիների բոլոր հակահայկական հայտարարոթյունները Հայաստանում»:
Նշենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում ընդամենը նշել էր, որ «ցեղապաշտությունը կամ ցեղակրոնությունը ոչ այլ ինչ են, եթե ոչ «ռասիզմ» բառի հայերեն թարգմանությունը»:





























