Նիդեռլանդների թուրք-ադրբեջանկան միության ներկայացուցիչ Իլհամ Ակշինի նկատմամբ դատավճիռն անօրինության նկատմամբ օրենքի հաղթանակն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
«Եթե փիլիսոփայական տեսանկյունից նայենք, ապա այդ վայ հայրենասերին եւ Ադրբեջանի ողջ իսթեբլիշմենթին պետք է հիշեցնեմ, որ Լեռնային Ղարաբաղում եղել են, կան ու կլինեն հայկական գերեզմաններ: Հայերը դարեր շարունակ են ապրել այդ հողի վրա, զոհվել են ՝ պաշտպանելով այդ հողը եւ թաղվել են այդ հողում: Հայերի համար գերեզմանները սուրբ են ինչպես ընտանեկան, այնպես էլ՝ պետական մակարդակով», - ընդգծել է Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ Նիդեռլանդների դատարանը Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Ակշինին հակահայ ելույթների համար դատապարտել է 120 ժամ հարկադիր անվճար աշխատանքի եւ մեկ ամիս պայմանական ազատազրկում` երկու տարի փորձնական ժամկետով: Ալմելո քաղաքում Մեծ Եղեռնի հուշահամալիրի մոտ կազմակերպված թուրքական հանրահավաքի ժամանակ նա վանկարկել էր՝ «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»։



























