Ժողովուրդը իշխանություն ձեւավորելու ընդամենը մեկ հնարավորություն ունի: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, Գեղարքունիքում նախընտրական քարոզարոզարշավի ժամանակ նշել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ցուցակի 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանը:

Երանոս գյուղի բնակիչներին Ջհանգիրյանը նախ բացատրեց, թե ինչ կարեւորություն ունեն այս ընտրությունները եւ հավելեց, որ ժողովուրդը իրեն փրկելու ընդամենը մեկ հնարավորություն ունի. «Ազգային ժողովի 6-րդ գումարման այս ընտրությունը եզակի է լինելու: Առաջիկա 5 տարում ուրիշ ընտրության չեք մասնակցելու, նախագահական ընտրություններ էլ չեն լինելու: Ձեր քվեն անգին է, ձեր քվեն գին չունի: Ձեր քվեն ձեր երեխաների, թոռների, գյուղի, ձեր հողի հարցն է ու այդ քվեն չի կարելի վաճառել, չի կարելի աճուրդի հանել, չի կարելի որեւէ խոստման դիմաց այդ քվեն տալ»:

Ջհանգիրյանի խոսքով՝ երկրի առաջին խնդիրը արտագաղթն է. «Էս հողը դատարկվելով խնդիր չի լուծվելու: Մենք հիմա նախորդ զորակոչի կեսն ենք կարողանում ապահովել: Այս ընթացքը պետք է կանգնեցնենք, պետք է կանգնեցնենք ձեզ հետ միասին»:

Ելույթից հետո Ջհանգիրյանին մոտեցավ մի գյուղացի ու նշեց, որ տարիներ առաջ Արթուր Բաղդասարյանն էլ էր Երանոսում, նույն խոստումներն էր տալիս, բայց «իշխանափոխություն էղա՞վ»:

Ջհանգիրյանն էլ պատասխանեց. «Հաց ուտելու տրամադրություն ունեմ, նենց անուն տուր, որ ախորժակս չփակվի»: