Մեր ժողովուրդը պետք է համախմբվի ու լուրջ հակահարված տա այս գողերին, անբարոյականներին ու զոռբաներին: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, Գեղարքունիքում նախընտրական քարոզարշավի ժամանակ նշել է ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքն է, որը գալիս է քաղաքական հստակ ծրագրով. «Բոլոր 8 կուսակցությունները թակելու են ձեր դուռը, խոստումներ տան, բայց ոչ մեկը հստակ ծրագիր չունի, որ ասի էս ա: Մենակ մենք ենք գալիս հստակ խաղաղության ծրագրով: Եթե այս անգամ մեր ժողովուրդը համախմբվի ու լուրջ հակահարված տա այդ գողերին, անբարոյականներին, զոռբաներին, ապա մենք կարող ենք ցույց տալ մեր միասնականությունը, մե հայ լինելը, մեր թասիբն ու նամուսը»:

Գեղհովիտ գյուղում Արամ Մանուկյանին մոտեցավ մի գյուղացի եւ նրան մեղադրեց Անկախության հռչակագիրը կարդալու, Հայաստանը ԽՍՀՄ-ից հանելու մեջ.«Ամեն ինչում դեռ էն ժամանակվա ՀՀՇ-ն ա մեղավոր: Աշխատող մարդ էի, ստանոկս գողացաք ու տարաք Պարսկաստան: Դուք մեզի քյասիբցրիք: Կոմունիստների վախտով լա՞վ չէր»:

Արամ Մանուկյանն էլ պատասխանեց.«Դու կոմունիստ ես, քո հայացքներն ունես, ես էլ իմը: Ես քոնն եմ հարգում, դու՝ իմը»: