«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) գլխավոր գրասենյակում տեղի է  ունեցել «Աշնանային հեքիաթ» միջազգային հեղինակավոր երաժշտական մրցույթի հաղթող` Հայաստանի մանկական կամերային նվագախմբի մեծարման միջոցառումը:

«ԱրմենՏելի» մամուլի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը շնորհավորել է պատանի երաժիշտներին նվագախմբի հիմնադրման առաջին տարեդարձի եւ հաղթանակի կապակցությամբ` հանձնելով ընկերության կողմից հուշանվերներ: Տոնական միջոցառումից հետո պատանի երաժիշտների համար կազմակերպվել է շրջայց Beeline Հաճախորդների սպասարկման կենտրոնում:  

«Հայաստանի մանկական կամերային նվագախումբը Հայաստանի առաջին երաժշտական նվագախումբն էր, որ մասնակցեց Պրահայում կայացած «Աշնանային հեքիաթ» փառատոնին եւ պատվով ներկայացրեց Հայաստանը: Վստահ եմ, որ այս հաղթանակն առաջինն է ապագա հաջողությունների շարքում եւ միջազգային բեմում մեզ սպասում են բազմաթիվ մրցանակներ», - ասել է  Բեղլոյանը:

Նշենք, որ «Աշնանային հեքիաթ» միջազգային երաժշտական փառատոնն անցկացվել է Պրահայում 2010թ-ի հոկտեմբերի վերջին: Նվագախումբն արժանացել է առաջին տեղին «Դասական Գործիքային երաժշտություն» անվանակարգում եւ նվաճել փառատոնի Գրան-Պրին: Նվագախմբի ելույթը ճանաչվել է փառատոնի ամենավառ իրադարձություն: