AECOM ընկերության տնտեսական գծով տնօրեն Բեն Մարտինը, ով մասնակցում է զբոսաշրջության «Հարավային միջանցքի» ռազմավարության մշակմանը, չի բացառել, որ Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերում կզարգացնեն որսորդական զբոսաշրջությունը։

Պատասպանելով NEWS.am-ի հարցին՝ նա ասաց, որ որսորդական բիզնեսը նույնպիսի զգայուն բիզնես է, ինչպես խաղային բիզնեսները։ «Եթե ռեսուրսը բավարար է, միգուցե արժե զարգացնել այս բիզնեսը, քանի որ շատ եկամտաբեր է եւ հետաքրքիր։ Բայց անվտանգությունը եւ կենդանական աշխարհի պահպանությունը ամենակարեւորն են»,- ասել է Բ. Մարտինը։ Նրա խոսքով՝ վատ դեպքերը կլուսաբանվեն ԶԼՄ-երի կողմից, ինչից իրենք փորձում են խուսափել։

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամն այսօր` նոյեմբերի 12-ին համաձայնության է եկել անգլիական AECOM խորհրդատվական ընկերության հետ՝ զբոսաշրջության Հարավային միջանցքի զարգացման ռազմավարությունը մշակելու հարցում։ Այն ներառում է Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերը։ Միջանցքը սկիզբ է առնում Նորավանքից եւ հարեւան Արենի գյուղից, շարունակվում դեպի Հայաստանի հարավային քարանձավներ,  ներառում է Ջերմուկ քաղաքը, Քարահունջի հին աստղադիտարանը, Տաթեւն ու Որոտանի կիրճը։ Այնուհետեւ միջանցքը բացում է ճանապարհ դեպի Գորիս եւ Կապան (այնտեղից էլ Մեղրի)։