Բաքվի հեռուստաաշտարակի հարակից տարածքից արդեն տեղափոխվել է 125 մմ տրամաչափի 1700 տանկային ական: Այս մասին հաղորդում է Turan գործակալությունը` հղում անելով Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Առկա տեղեկատվության համաձայն, Բաքվում ռազմամթերքը մնացել է 1990-ականներից: Ղարաբաղյան պատերազմում խոշոր պարտությունից հետո, ադրբեջանական բանակը փաստացի, ամբողջությամբ ոչնչացել էր եւ Բաքվում նստած իշխանությունը լուրջ մտավախություն ուներ, որ հայկական զորքերը կարող են գրոհով վերցնել Բաքուն: Հենց այդ մտավախությունից ելնելով էլ Բաքվի պաշտպանությունը կազմակերպելու համար այդքան մեծ քանակությամբ ռազմամթերք էին կենտրոնացրել Ադրբեջանի մայրաքաղաքի մոտ: Իսկ արդեն երկար բանակցությունների ընթացքում, այդ ռազմամթերքը մոռացության էր մատնվել:
Հիշեցնենք, որ ականները հայտնաբերվել են նոյեմբերի 11-ի առավոտյան: Նրանք թաղված են եղել հեռուստաաշտարակից 150-200 մետր հեռավորության վրա եւ հայտնաբերվել են պատահաբար:





























