Քուչակ գյուղի «Ծառուկյան» դաշինքի շտաբի դանակահարված պետի վիճակը կայունացել է: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը:
Նա նշեց, որ Արամ Ասատրյանը շարունակում է մնալ Վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը ծանր է, բայց համեմատաբար կայունացել է: Ռոբերտ Կուրղիանյանը նաեւ նշեց, որ այսօր անջատել են Արամ Ասատրյանին միացված արհեստական շնչառության ապարատը:
Նշենք, որ Արամ Ասատրյանը «Աստղիկ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մարտի 20-ին՝ գոտկային շրջանում ծակած վերքով:
Ավելի վաղ ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել էին, որ մարտի 19-ին, ժամը 23:30-ին, «Ապարանի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով իրենց մոտ են տեղափոխվել Արամ Ասատրյանն ու Մանուկ Հովսեփյանը:
Նրանք վիճաբանության ժամանակ անհայտ անձի կողմից ստացել են կտրած-ծակած վերքեր: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:




























