Նոյեմբերի 15-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի կունենա Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստը:

Հանձնաժողովի համանախագահներ են հայկական կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, իսկ ԱՄՆ կողմից` ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպական եւ Եվրասիական երկրներին ամերիկյան օժանդակության համակարգող Դենիել Ռոզենբլյումը: Հանձնաժողովի կազմում են ՀՀ եւ ԱՄՆ պետական գերատեսչությունների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք:

Նիստին հրավիրված են ՀՀ պետական մարմինների, Հայաստանում ԱՄՆ դեսպանության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ գործարարներ:

Նիստի ընթացքում քննարկվելու են գործարարության համար նպաստավոր միջավայրի ձեւավորման, մակրոտնտեսական իրավիճակի գնահատման, հարկային եւ մաքսային քաղաքականության եւ վարչարարության, որակի միջազգային ստանդարտների ներդրման, արդար եւ հավասար մրցակցությանն առնչվող հարցեր:

Նիստի ավարտից հետո կկայանա մամուլի ասուլիս, որին կմասնակցեն Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ Ներսես Երիցյանը  եւ Դենիել Ռոզենբլյումը: