Հայաստանի կառավարությունը պատրաստ է աջակցել բարձրագույն կրթության միջբուհական կենտրոնի ստեղծման ծրագրի իրականացմանը: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Բարձրագույն կրթության միջբուհական կենտրոնի ստեղծման ծրագրին առնչվող հարցեր: Կարեն Կարապետյանը կարեւորել է բարձրագույն կրթության համակարգում բարեփոխումների իրականացումը եւ ողջունել Սիմոնյանի նախաձեռնությունն այդ ոլորտում:

Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել ծրագրի իրականացմանը՝ հավելելով, որ այն կնպաստի ոչ միայն կրթության որակի բարձրացմանը, այլ նաեւ միջավայրի փոփոխությանը, երիտասարդ սերնդի զարգացմանը:   

Սեմ Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամության համար եւ նշել, որ ծրագրի իրականացմանը նպաստելու է նաեւ Եվրոպական միությունը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաեւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը, նոր նախաձեռնություններին ու ծրագրերին: