Հայաստանի առողջապահության նախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Հարություն Քուշկյանը քաղաքական ենթատեքստում չի դիտարկում ո՜չ իր ղեկավարած նախարարությանն ուղղված` վարչապետի քննադատությունները եւ ո՜չ էլ նախարարության երեք պաշտոնյաների աշխատանքից ազատվելը:
«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա անդրադարձել է առողջապահության փոխնախարարներ Աբրահամ Մանուկյանի ու Թաթուլ Հակոբյանի ազատմանն ու այդ առնչությամբ ասել է. «Իրենք ազատվել են իրենց դիմումի համաձայն, առանձնապես բացատրություն չունեմ: Կադրային փոփոխություններ բոլոր գերատեսչություններում էլ, բոլոր հիմնարկներում էլ ժամանակ առ ժամանակ լինում են: Հիմա էլ իրենք որոշեցին անցնել այլ աշխատանքի: Դա իրենց որոշումն էր»:
Արձագանքելով Թաթուլ Հակոբյանի` մամուլին տված այն մեկնաբանությանը, թե իր եւ նախարարի հարաբերությունները լարված են եղել, Հարություն Քուշկյանը ասել է. «Ես շատ խիստ ղեկավար եմ, ինձնից շատ մարդիկ նեղանում են, որովհետեւ ես իրենց հաճախ պատժում եմ այս կամ այն գործառույթը լավ չկատարելու համար»:
Նշենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նոյեմբերի 4-ի նիստում ասել էր, թե կրթության ու գիտության, ինչպես նաեւ առողջապահության ոլորտներում կոռուպցիան խորացել է, եւ պահանջել էր տասնօրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել վարչապետին: Տիգրան Սարգսյանը նշել է նաեւ, որ եթե վիճակը չշտկվի, կդիմեն ավելի կտրուկ քայլերի: Հարություն Քուշկյանը տեղեկացրել է, որ նախապատրաստում են անհրաժեշտ առաջարկները` պահանջված տասնօրյա ժամկետում վարչապետին ներկայացնելու համար:
Նախարարը վարչապետի հայտարարոթյուններում ԲՀԿ-ին հարվածելու միտում էլ չի տեսնում: «Ես այդպես չեմ դիտարկում, որովհետեւ հարված ընդհանրապես չեմ տեսնում: Հետո, մենք կոալիցիոն կառավարություն ենք: Այսինքն` ասվել է բոլորին, որպեսզի բոլորը է՜լ ավելի արդյունավետ աշխատեն, ավելի ուշադիր լինեն»,- ասել է Հարություն Քուշկյանը եւ կտրականապես հերքել առաջիկայում իր հնարավոր հրաժարականի եւ այլ նախարար նշանակելու մասին խոսակցությունները: «Չէ, չէ, բացարձակապես, դա, հավատացեք ինձ, ոչ մի հիմք չունի, ուղղակի խոսակցություն է: Ես անելու եմ իմ գործը ու աշխատելու եմ որպես նախարար»,- ամփոփել է նա:





























