ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանը խուսափում է խոսել օրերս Աջափնյակում իր եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կողմնակիցների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքից:

Նա այսօր մասնակցում էր «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հոգեհանգստի արարողությանը: NEWS.am-ի հարցին՝ ի՞նչ էր տեղի ունեցել իր եւ ՀՀԿ-ականների միջեւ, ինքն իրականում ընկե՞լ էր, թե՞ ծեծել էին իրեն, պատգամավորը պատասխանեց.«Էսօր էդ օրը չէ»: Վահան Կարապետյանը հեռացավ՝ խուսափելով խոսել տեղի ունեցածից:

ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ երեկ երեկոյան Աջափնյակ վարչական շրջանում ՀՀԿ-ական թեկնածու Արման Սահակյանի թիմակիցները դարանակալել եւ փորձել են հաշվեհարդար տեսնել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի` «Չերիի Վահանի» նկատմամբ՝ մատուցելով արջի հերթական ծառայությունը: «Մենք, իհարկե, հասկանում ենք, որ Արման Սահակյանը եւ նրա թիմն այլեւս հասկացել են, որ ո՛չ իրեն տրամադրված անսահման վարչական ռեսուրսը, ո՛չ անսահման փողը, որով Արման Սահակյանը ողողել է ողջ Աջափնյակ համայնքը, անհրաժեշտ արդյունք չեն տալիս, ուստի կանխազգալով ապագա պարտությունը՝ ՀՀԿ թեկնածուն դիմել է իրեն հոգեհարազատ վերջին ռեսուրսին՝ թաղի խուժանին եւ թմրամոլներին»:

Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որ Վահան Կարապետյանը ոստիկանությունում հայտնել է, որ ինքը այդ վնասվածքները ստացել է ընկնելու հետեւանքով, իսկ ԲՀԿ մամուլի խոսնակը ջնջել էր ֆեյսբուքյան գրառումը: