«Հայաստանի էլցանցերը» պատրաստվում են «խելացի» հաշվիչներ միացնել Երեւանի հարավային թաղամասերի բնակիչների համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։  (ֆոտոռեպորտաժ)

Տեղադրման աշխատանքներն արդեն սկսվել են Էրեբունի ու Նուբարաշեն թաղամասերում։ «Մենք առաջնորդվում ենք ներդրումային ծրագրով, որը հաստատել է Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը։ Նոր հաշվիչները թույլ կտան ավելի արդյունավետորեն հետեւել էլեկտրականության ծախսին ու կխնայեն մեր աշխատակիցների ժամանակը։ Հաշվիչները իրենք են տվյալները փոխանցելու մեր սերվերին»,- ասել է Հարությունյանը։

Այս հաշվիչները արտադրվում են Երեւանում, հավելել է նա։

Դրանց առաջին խմբաքանակները արդեն տեղադրվում են ոռոգման պոմպերում։ Մինչեւ ոռոգման սեզոնի սկիզբը դրանք ծրագրում են տեղադրել բոլոր 930 պոմպերի վրա։

Նույնատիպ հաշվիչներ «Էլցանցերը» ուզում է տեղադրել նաեւ խմելու ջրի համակարգում։ Դրա համար արդեն բանակցում են Veolia ընկերության հետ, որը մինչ այդ սպասարկում էր Երեւանը, իսկ հունվարի 1-ից դարձել է հանրապետության ջրամատակարարման միասնական օպերատոր։