«Ես ոչ բիզնես ունեմ, ոչ բան ունեմ, ո՞նց եմ օգնելու էս մարդկանց»: Այսպես է պատասխանել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը լրագրողների՝ ընտրակաշառքի մասին հարցերին:

Ալեքսանյանը ուղեկցողների մեծ խմբով այսօր՝ մարտի 22-ին հանդիպման էր եկել Վերին Շենգավիթ փողոցի դպրոցին հարակից բասկետբոլի դաշտում:

Հարցին, թե ինչպես է գնահատում իր շանսերը, գործարար պատգամավորը պատասխանեց. «Իմ շանսերը ժողովուրդն ա գնահատում, ես ինչի՞ պիտի գնահատեմ»: Եթե անցաք, ինչով եք զբաղվելու հարցին էլ Ալեքսանյանը պատասխանել է. «Իմ գործով: Մինչեւ հիմա ինչո՞վ էի զբաղվում»: Թե որն է իր գործը որպես պատգամավոր, նա չի պարզաբանել:

«Բավական է, նայել, թե ինչ է արել Մալաթիա-Սեբաստիայում Սամվել Ալեքսանյանը: Այնտեղ նա էլ անելիք չունի, եկել է այստեղ անելու»,- հավաքվածներին հայտարարել է նախկին ԲՀԿ-ական, թիվ 89 միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Օֆելյա Պետրոսյանը:

«Ես շնորհակալ եմ, որ ձեր ժամանակը տրամադրեցիք ինձ ու եկաք իմ հանդիպմանը: Մի բան կարամ ասեմ, որ եթե ինձ ընտրեք, չեք փոշմանի»,- ընտրողների «հույսերը խոստացավ արդարացնել» Սամվել Ալեքսանյանը: Նա, ի դեպ, հանդիպման էր եկել սուրդոթարգմանչի հետ:

«Ասեք, էրեխեք, կարամ լալերեն էլ ձեզ պատասխանեմ»,- լրագրողներին ասաց Ալեքսանյանը, որը, ի դեպ, ցույց տվեց, որ տիրապետում է ժեստերի լեզվին: 

Դիտարկմանը, թե լուրեր են շրջանառվում ՀՀԿ-ականների կողմից բաժանվող ընտրակաշառնքերի մասին, Ալեքսանյանը պատասխանեց իրեն բնորոշ ոճով. «Ես ոչ բիզնես ունեմ, ոչ բան ունեմ, ո՞նց եմ օգնելու էս մարդկանց: Ես հոգով-սրտով ժողովրդի հետ եմ, իրանց հերիք ա:»

Կողքից մի քանի կանայք ու Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը համառորեն փորձում էին Ալեքսանյանին փրկել լրագրողների հարցերից: