Հատուկ հարկային զոնա ենք ստեղծելու, որտեղ մենք պրոգրեսիվ հարկերով դրդելու ենք ակտիվ ունեցող մարդկանց գործ անեն: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով Սեւանա լճի եւ հարակից տարածքների խնդիրներին:
Նա նշեց, որ այդ տարածքներն ունեն սոցիալական եւ զբոսաշրջային լուրջ նշանակություն: Վարչապետը տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին եւ գործադիր որոշ շահագրգիռ մարմինների ղեկավարների հանձնարարեց 2 ամսում քննարկել եւ ներկայացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի 2017-2020թթ. զարգացման ծրագիր` շեշետադրելով Սեւանի բացառիկ նշանակությունը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին` ներկայացնել Սեւան ազգային պարկում տնտեսական գործունեության վերաբերյալ հատուկ առաջակություններ, նաեւ Սեւան ազգային պարկի տարածքում զբոսաշրջային զարգացման հատուկ ծրագիր, Բնապահպանության նախարարին` երկամսյա ժամկետում ձկնային ռեսուրսների վերականգնման եւ կայուն օգտագործման գծով պլան` չափելի ցուցանիշներով, նաեւ Սեւան ազգային պարկի հիման վրա կենսոլորտային արգելոցի ստեղծման ծրագիր, իսկ Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավարին` ներդրումային ծրագրի իրականացման համար կառուցապատման համար նպատակահամար գոտիների մասին տեղեկատվություն:
Կարեն Կարապետյանը նշեց, որ Սեւանա լճի ամբողջ տարածքը գույքագրելու են, գոտիավորելու եւ Սեւանում հանգստի ժամկետը երկարացնելու համար` լողավազան, մշտադալար ծառեր, այդ բոլոր խնդիրները որպես ուղեցույց տալու են պոտենցիալ ներդողներին:
Անդրադառնալով Սեւանի ազգային պարկի ղեկավարի աշխատանքին, վարչապետն ասաց. «Բնապահպանության նախարարին` ես չգիտեմ էդ մարդը ով է, մի հատ գնահատում եք` ինքը էդ բեռը քաշո՞ւմ է, թե՞ չէ, եթե չէ, նորմալ առաջարկություն եք տալիս նոր նորմալ տնօրենի վերաբերյալ»:











