Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Էրթուղրուլ Գյունայը խիստ քննադատության է ենթարկել թուրքական պետական հեռուստաընկերությանը՝ TRT-ին, որը եթեր էր հրավիրել Milliyet-ի գլխավոր խմբագրին սպանողին եւ Հռոմի Պապի դեմ մահափորձ իրականացնողին։
Թուրքական Beyazgazeteի փոխանցմամբ՝ թուրք նախարարը նշել է, թե Մեհմեդ Ալի Աղջան, ում TRT-ն հրավիրել էր եթերի, ամբողջ աշխարհում սեւացրել է Թուրքիայի դեմքը։ «Ես խիստ քննադատում եմ նրան եթեր հրավիրելը։ Ես պահանջելու եմ հետաքննություն անցկացնել եւ պատժել այդ մարդուն եթեր հրավիրողներին»,-շեշտել է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարը:
Նշենք, որ օրեր առաջ TRT-ն երեկոյան ուղիղ եթեր էր հրավիրել 1979-ին Milliyet-ի գլխավոր խմբագրին սպանած եւ 1981-ին Հռոմի Պապի դեմ մահափորձ իրականացրած Մեհմեդ Ալի Աղջային, ով հայտարարել էր, թե Պապի մահափորձը իրականացրել է Վատիկանի վարչակազմի պատվերով:
TRT-ի կողմից այս քայլը երկու մասի է բաժանել թուրքական լրատվական դաշտը, քանի որ մի մասը գտնում է, որ սխալ է լրատվամիջոցի ղեկավարին սպանողին կանչել եթեր, իսկ մյուս մասը գտնում է, թե լավ ռեպորտաժ սարքելու համար նորմալ երեւույթ է:





























