100 տարի 100 ծառ կարգախոսով այսօր` նոյեմբերի 13-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքում «Ամերիա» բանկի աշխատակիցները ծառատունկ իրականացրեցին: Ծառատունկին մասնակցում էր նաեւ բանկի ղեկավարությունը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը, ինչպես նաւ «Ամերիայի» ամենտարեց աշխատակիցը` 72-ամյա Վարդան Ղազարյանը, ով արդեն 42 տարի աշխատում է բանկում որպես դրամարկղային գործառույթների բաժնի պետ:
«Սուրբ Սարգսի տարածքը նախկինում անտառապատ էր, ցավոք, երբ խնդիրներ ունեինք հոսանքի հետ կապված, այն ամբողջությամբ վերածվեց անապատի: Հիմա շատ լավ հնարավություն ունենք վերատնկել այդ ծառերը եւ տարածքը բերել ավելի լավ տեսքի»,- ասաց «Հայաստան ծառատունկ» ծրագրի աշխատակից Նավասարդ Դադյանը` հավելելով, որ ծառերի ոռուգման հետ կապված խնդիրներ չեն լինի տարածքում:
Իսկ «Ամերիա» բանկի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Արմինե Շահբազյանն էլ նշեց. «Մենք բոլորս այստեղ ենք 100 ծառերին եւս 100 տարվա կյանք նվիրելու»:
Նա նաեւ ասաց, որ բանկի 100-ամյակի հետ կապված լինելու են նաեւ մի շարք այլ անակնկալներ: Բանկն արդեն մրցույթ է հայտարարել ուսանողների շրջանում «Բանկային համակարգը Հայաստանում 100 տարի անց» խորագրով: Հաղթողներին սպասվում են ֆինանսական պարգեւներ` 100-300 հազար դրամի չափով եւ նաեւ ընդգրկում «Ամերիայի» թիմի մեջ:




























