Վրաստանի Քոբուլեթի քաղաքում նոյեմբերի 13-ին կսկսվի 20 նոր հյուրանոցների շինարարությունը: Այս մասին նոյեմբերի 12-ին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` «Իտալական տան» հիմքը դնելու արարողության ժամանակ:
Յուրահատուկ 20 հարկանի բնակելի շենքի նախագծի Ճարտարապետը իտալացի Միկելե դե Լյուչին է, ով նաեւ Վրաստանի ՆԳՆ-ի «ապակե» շենքի եւ Թբիլիսիի խաղաղության կամուրջի հեղինակն է:
Սահակաշվիլիի խոսքով, նաեւ Բաթումիում նախատեսվում է կառուցել 4 նոր բարձրահարկեր` 40 հարկանի:
Ինչ վերաբերում է Քոբուլեթիում նոր հյունարոցի կառուցմանը, Սահակաշվիլիի մամուլի խոսնակ Մանան Մանջգալաձեն հայտարարել է, որ տուրիստական ենթակառուցվածքների կառուցման վերաբերյալ նախագծերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչեւ դեկտեմբերի 15-ը, որը կապված է տեղական ու արտասահմանյան ներդրողների հետաքրքրվածությամբ:
Միաժամանակ, կառուցվելիք օբյեկտների քանակը 27-ից հասցվել է 30-ի:
Մի քանի ամիս առաջ Վրաստանի նախագահն առաջարկել էր ստեղծել ազատ տուրիստական գոտի եւ հարկային արտոնություններ կիրառել Աջարիայի ծովափերին ներդումներ կատարողների համար:
Վրաստանի խորհրդարանը հոկտեմբերին օրենք էր ընդունել Քոբուլեթիում ազատ տուրիստական գոտի ստեղծելու մասին: Ներդրողներին խոստանում են անվճար հող տրամադրել, ինչպես նաեւ 15 տարով ազատել հարկերից:




























