Հայաստանի Հանրապետությունում ներկայումս կա 5500-6000 կույր մարդ. աշխատանքով ապահովված է նրանց միայն 5-8 տոկոսը։ Նոյեմբերի 13-ին՝ կույրերի միջազգային օրը, հավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վիճակագրական նման տվյալներ ներկայացրեց տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց «Հարմոնիա» հասարակական կազմակերպության ղեկավար, ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակից Ալբերտ Աբգարյանը:
Նրա խոսքով, նորանկախ Հայաստանում կույրերի չլուծված խնդիրները բազմաթիվ են։ «Առաջինն, իհարկե, զբաղվածության խնդիրն է։ Աշխատանքով ապահովված է նրանց միայն 5-8 տոկոսը։ Այստեղից էլ այդ մարդկանց սոցիալական անապահով վիճակը։ Կույր մարդիկ Հայաստանում գոյատեւում են իրենց տրվող նպաստով, ինչը շատ քիչ է։ Կույրերի՝ թե՛ պետական, եւ թե՛ մասնավոր հատվածներում աշխատանք գտնելը գրեթե անհնար է։ Մասնավոր հատվածում, երբ իմանում են, որ մարդը տեսողության հետ խնդիրներ ունի, միանգամից բացառում են նրա մուտքն այդ ընկերություն՝ նրան թույլ չտալով անգամ դրսեւորել իր որակները։ Բայց եթե հասարակությունը մերժի կույրերին, մենք չենք կարող առաջ գնալ։ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի օրինակը, ուր կույրերին տրվում են նույն հնարավորությունները, ինչ որ ոչ հաշմանդամ մարդկանց, մեզ համար թիրախ պետք է լինի»,- ասաց Ալբերտ Աբգարյանը՝ միաժամանակ նշելով, որ տեսողության հետ խնդիրներ ունեցող մարդկանց Հայաստանում մինչ այժմ ցույց տրված ամենամեծ աջակցությունը եղել է Մերգելյան ինստիտուտի կողմից 5-6 տարի առաջ ստեղծված «Արեւ» համակարգը, որը կույրերին հնարավորություն է տալիս լիարժեքորեն օգտվել համակարգչից։ «Այս ծրագրի ուսուցումը մինչ այժմ իրականացվում է ինչպես Երեւանում, այնպես էլ Հանարապետության մի քանի այլ քաղաքներում:
«Լինելով ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակից՝ միշտ հնարավորինս բարձրաձայնում եմ տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց դժվարությունների մասին։ Պետք է նշեմ, որ հաշմանդամների խնդիրները գտնվում են նախագահի ուշադրության կենտրոնում։ Դրա վկայությունն այն է, որ ես աշխատում եմ երկրի ղեկավարի աշխատակազմում։ Սա լավագույն օրինակ պետք է ծառայի թե՛ մասնավոր, եւ թե՛ պետական հատվածի մյուս գործատուների համար»,- նշեց «Հարմոնիա» ՀԿ-ի ղեկավարը՝ չհերքելով, սակայն, որ գործազրկության հաղթահարման հարցում ցուցաբերվող պասիվության առումով մեղավորություն ունեն նաեւ իրենք՝ կույրերը։ «Զբաղվածության խնդիրը լուծող համալիր ծրագիր երկրի նախագահին մեր կողմից դեռ չի ներկայացվել։ Երբ նման ծրագիր լինի, նա անպայման ընթացք կտա դրան»,- համոզմունք հայտնեց Աբգարյանը:





























