Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Բարաք Օբամայի բանակցություններում չեն քննարկվել Ռուսաստանի Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու ժամկետային շրջանակները: Ինչպես լրագրողներին Յոկոհամայում հայտնել է ՌԴ նախագահի օգնական Արկադի Դվորկովիչը, Ռուսաստանը հույս ունի ԱՀԿ-ին անդամակցել 2011-ին:
Հարցին, կարո՞ղ են, արդյոք, կոնկրետ ժամկետներ լինել անդամակցության համար, եւ կարող է դա լինել 2011-ին, Դվորկովիչը պատասխանել է. «Մենք հենց դրան էլ ձգտում ենք»:
Դվորկովիչը նշել է, թե Վրաստանի կողմից անդամակցության արգելափակման հնարավորությունը մնում է, սակայն ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը խոստացել են օգնել այդ հարցում:
Նախագահի օգնականը նշել է, որ ԱՀԿ նստաշրջանները կայանում են տարեկան երկու անգամ՝ գարնանն ու աշնանը:




























