Խորհրդային տարիներին կույրերի վիճակը շատ լավ էր, լավ էին կազմակերպվում հատուկ դասագրքերի տպագրության եւ մի շարք այլ հարցերը, ինչը հնարավոր չէ ասել այսօրվա մասին։ Նոյեմբերի 13-ին՝ կույրերի միջազգային օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց կույրերի «Հարմոնիա» հասարակական կազմակերպության ղեկավար, ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակից Ալբերտ Աբգարյանը։
«Այսօր տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար նախատեսված հատուկ դասագրքերի տպագրությունը մեծ ծախսերի հետ է կապված, այդ է պատճառը, որ կույրերի դպրոցում այլընտրանքի ձեւով կիրառվում են խոսող գրքեր, որոնց արդյունավետությունը, սակայն, այնքան էլ բարձր չէ։ Խորհրդային ժամանակներում լուծված էր նաեւ զբաղվածության խնդիրը։ Բայց ես այսօր գերադասում եմ եվրոպական եւ ամերիկյան փորձը, որով կույրերին հարմարեցված է ամբողջ շրջապատը՝ խանութներ, բանկոմատներ, լուսաֆորներ։ Իսպանիայում, օրինակ, շահումով վիճակախաղի՝ ազգային լոտոյի մենաշնորհը պատկանում է կույրերին, եւ եթե մարդը տեսողության հետ կապված խնդիրներ չունի, այդ ընկերությունում չի կարող աշխատել»,- տեղեկացրեց Ալբերտ Աբգարյանը։
Նրա խոոսքով, ինքը հեղինակ է օրենսդրական առաջարկությունների մի փաթեթի՝ համապարփակ մի ծրագրի, թե ինչպես կարելի է աստիճանաբար լուծել կույրերի առջեւ ծառացած խնդիրները։ «Օրինակ, այն գործատուների հանդեպ, ովքեր պատրաստ են աշխատանքի վերցնել տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց, պետք է կիրառվեն հարկային որոշակի արտոնություններ՝ ի նշան հաշմանդամին աշխատանքի ընդունելու քայլը ոգեւորելու»,- տեսակետ հայտնեց Աբգարյանը։
Ամփոփելով՝ «Հարմոնիա» ՀԿ-ի ղեկավարը նշեց, որ կույրերի խնդիրները Հայաստանի խորհրդարանում լավագույնս բարձրաձայնվել են 2003-2005 թվականներին, երբ Ազգային ժողովում աշխատում էր պատգամավոր Արտակ Առաքելյանը։





























