Տեսողության հետ խնդիրներ ունեցող մարդկանց նպաստը Հայաստանում այսօր, կազմում է շուրջ 14.500 դրամ. նախկինում այդ գումարի չափը 11 հազար էր։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց կույրերի «Հարմոնիա» հասարակական կազմակերպության ղեկավար, ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակից Ալբերտ Աբգարյանը։
«Մինչեւ 2010 թվականի հոկտեմբեր առաջին կարգի հաշմություն ունեցող մարդիկ ստանում էին 11.400 դրամ։ Սակայն հոկտեմբերից հետո ՀՀ նախագահի հանձնարարականով այդ դրույքաչափը հասցվեց 14.500 դրամի։ Երկրորդ խմբի թոշակը, նախկին 8000 դրամի փոխարեն, նույն հանձնարարականով այժմ կազմում է մոտ 11000 դրամ»,- տեղեկացրեց Ալբերտ Աբգարյանը՝ ավելացնելով, որ տեսողության հետ խնդիրներ ունեցող մարդկանց զբաղվածության աղքատ ֆոնին սրանք, իհարկե, չնչին գումարներ են։
Անդրադառնալով Երեւանում գործող թիվ 14 հատուկ դպրոցի գործունեությանը, ուր սովորում են բացառապես կույր երեխաներ, «Հարմոնիա» հ/կ ղեկավարը նշեց, որ այն միակն է հանրապետության ամբողջ տարածքում։ «Բացի մայրաքաղաքի բնակիչներից, այնտեղ ուսանում են նաեւ երեխաներ Հայաստանի բոլոր մարզերից: Դպրոցը գիշեօթիկ է, ինչով էլ լուծվում է վերջիններիս կեցության հարցը»,- պարզաբանեց Աբգարյանը:
Վերջում նա տեղեկացրեց, որ բացի «Հարմոնիա» հ/կ-ից, կույրերի խնդիրներով զբաղվող ոչ մի այլ կազմակերպություն Հայաստանում չկա։ «Սակայն ուզում եմ տեղեկացնել, որ անգամ այն հաշմանդամ մարդիկ, ովքեր մեր կազմակերպության անդամ չեն, մեզ մոտ, միեւնույն է, կարող են անվճար իրավաբանական, հոգեբանական կամ այլ տիպի աջակցություն ստանալ»,- ամփոփեց Ալբերտ Աբգարյանը։
Նշենք, որ նոյեմբերի 13-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ամբողջ աշխարհում հռչակել է որպես կույրերի միջազգային օր։ Օրը պատահականորեն չի ընտրվել.1745 թվականի նոյեմբերի 13-ին Ֆրանսիայում ծնվել է հայտնի ուսուցիչ Վալենտին Գայուին, ով Փարիզում ու Պետերբուրգում հետագայում հիմնել է կույրերի համար նախատեսված մի քանի դպրոցներ ու կազմակերպություններ: Վալենտին Գայուին տպագրատուն է հիմնել ու հենց ինքն էլ սկսել է հրատարակել կույրերի համար նախատեսված առաջին գրքերը: Գայուի գրքերի հիման վրա էլ կույրերը գրաճանաչ են դարձել։ Ավելի ուշ՝ 1829 թվականին, Լուի Բրայլը հայտնագործել է կույրերի բրալյան այբուբենը:
Բրալյան գրադարանում այժմ կա 2500 անուն սովորական ու 350 անուն խոսող` ձայնագրած, գիրք:
Ավելացնենք նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունում ներկայումս հաշվվում է 5500-6000 կույր մարդ։





























