Նոյեմբերի 13-ը Բարության համաշխարհային օրն է։ 1998 թվականի հենց այս օրը Տոկիոյում բացվեց բարության համաշխարհային շարժման առաջին կոնֆերանսը, որին մասնակցում էին Ավստրալիան,Կանադան Ճապոնիան, Թայլանդը, Սինգապուրը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը: Ավելի ուշ, շարժմանը միացան այլ երկրներ եւս:
Հատուկ այս օրվա համար ֆրանսիացի նկարիչ Օրելը ստեղծել է բաց սրտի խորհրդանիշը:
Համաձայն ճապոնացի եւ ամերիկացի հոգեբանների՝ որքան բարի արարքներ է գործում մարդը, այնքան ավելի երջանիկ է զգում իրեն, լավատեսորեն նայում աշխարհին, կյանքում ավելի ներդաշնակ է լինում։
Գիտնականները կարծում են, որ բարի մարդիկ ավելի շատ են ապրում եւ ավելի քիչ հիվանդանում։ Երբ մարդն օգնում է որեւէ մեկին, նրա ուղեղը, այսպես կոչված, երջանկության հորմոններ է արտադրում, որոնք հայտնի են իբրեւ բնական ցավազրկողներ։
Տարբեր երկրներում այս տոնի առթիվ ծանոթ եւ անծանոթ մարդկանց ծաղիկներ են նվիրում։





























