«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ մարտի 24-ին, Վեդիում ընտրողների հետ հանդիպմանը վստահեցրել է, որ իր խոսքերը սխալ են մեկնաբանվում, ինքը չի պատրաստվում կոալիցիա կազմել իշխանությունների հետ:

«Վայքում ինձ հարցրել են՝ պարոն ԾԽառուկյան, եթե 50+1 չհավաքեք, հնարավո՞ր է կոալիցիա կազմեք, ասել եմ՝ իհարկե, հնարավոր ա, բայց ասենք՝ ես հավաքում եմ 48 տոկոս, 50 տոկոս, բայց պետք ա 50+1 լինի, որեւիցե ուժի հետ կարա՞մ ես կապվեմ, որ համակարգ ստեղծողը, օրենք փոխողը մենք լինենք: Եթե 50+1 չհավաքեմ, ես կորոշեմ՝ ում հետ կոալիցիա կազմել, ասել եմ իշխանությա՞ն հետ եմ կոալիցիա կազմելու: Դուք տեսա՞ք 2015թ.-ին ինչ եղավ: Ես ասել եմ՝ եթե չնչին տարբերություն լինի, կորոշեմ ում հետ կոալիցիա կազմեմ, դա նշանակում ա, որ իշխանությա՞ն հետ եմ կապելու»,- ասել է դաշինքի առաջնորդը:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե հնարավոր է կոալիցիա կազմել, այդ թվում Հանրապետական կուսակցության հետ, Գագիկ Ծառուկյանը հետեւյալ կերպ էր պատասխանել. «Ամենակարեւորը եթե Ծառուկյանը կարողանա իր ժողովրդի խոստումը կատարի, Հանրապետականը չլինի, մեկ ուրիշը լինի, կարեւորը, որ 15 կետերը համաձայնի անենք, եթե չհամաձայնի, չենք մտնի: Կամ եթե մեկն ուզի մեզ միանալ, մեր 15 կետերին համաձայն լինեն, կմիանանք իրենց»:

Հետաքրքրական է, որ ընդամենը մեկ օր անց դաշինքի անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ իրենք ոչ մի դեպքում Հանրապետականի հետ կոալիցիա չեն կազմի: