Ավարտվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության մեկօրյա աշխատանքային այցը Բրյուսել: Կառավարության ղեկավարը նախ անձնական հանդիպում է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ, Եվրոպական խորհրդարանի անդամ Խայիմ Մայոր Օրեխայի հետ։ Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետի հաջորդ հանդիպումը Եվրոպական Միության Հանձնաժողովում էր, որտեղ Տիգրան Սարգսյանը հանդիպեց Եվրամիության առեւտրի հարցերով հանձնակատար Կարել դը Գուխտի հետ։ Հանդիպման օրակարգում Հայաստան- ԵՄ առեւտրատնտեսական հարաբերությունների ընթացքն ու հեռանկարներն էին: Կառավարության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության տնտեսության ներկա վիճակն ու համակողմանիորեն անդրադարձավ մեր երկրում ընթացող բարեփոխումներին: Զրուցակիցներն անդրադարձել են ԵՄ-ի հետ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի մասին համաձայնագրի կարեւորությանը եւ ներկայացրել բանակցություններ սկսելու վերաբերյալ կողմերի պատկերացումները:
Երկուստեք շեշտվել է Հայաստանում ընթացող բարեփոխումներին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը: Հանդիպման ավարտին վարչապետը Կարել դե Գուխտին փոխանցել է Հայաստան այցելելու ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը:
Այնուհետեւ Տիգրան Սարգսյանն իր կեցավայրում ընդունել է Բելգիայի առաջատար ադամանդագործական ընկերությունների ներկայացուցիչներին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարաբերություններն ինստիտուցիոնալ մակարդակի բարձրացնելու վերաբերյալ: Վարչապետ Սարգսյանն աշխատանքային այցի ավարտին եղել է նաեւ «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության գրասենյակում, ծանոթացել կառույցի գործունեությանը, ինչպես նաեւ մասնակցել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության հարցերին նվիրված քննարկմանը, որին ներկա էին Հարավային Կովկասի երկրների հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, Բելգիայի Թագավորությունում հավատարմագրված մի շարք պետությունների եւ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ ու վերլուծաբաններ:





























