Այսօր` ժամը 15:30-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում Ստեփան Շահումյանի անվան դպրոցի դիմաց միմյանց են բախվել «Միթսուբիշի», «Մերսեդես-600», «Աուդի» (ՋԻՓ) եւ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի մեղավորը եղել է հետիոտնը: «Միթսուբիշի» ավտոմեքենայի դիմաց է հայտնվել մի կին, վարորդը կտրուկ արգելակել է մեքենան, որի հետեւանքով նրան են բախվել մյուս մեքենաները: Բարեբախտաբար, վթարի արդյունքում զոհեր եւ վիրավորներ չկան:
Մինչ վթարի վայր կժամանեին Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատկիցները, վթարված ավտոմեքենաների երիտասարդ տերերը շտապ հանում էին համարանիշները:
Համարանիշները հանողների շարքերում մի քանի երիտասարդ ԲՀԿ-ականներ կային, ովքեր տեսնելով, որ տեղի ունեցած վթարը նկարահանվում է, շտապում էին իրենց կոստյումներից հանել ԲՀԿ-ի կրծքանշանները:
Գրեթե երկու ժամից ավելի նշված հատվածում խցանումներ էր առաջացել:





Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի





























