«Հայկական կողմը չի պատրաստվում նախահարձակ լինել, բայց անհրաժեշտության դեպքում հակահարվածը վերջնական կլինի»,- նոյեմբերի 12-ի երեկոյան Լեռնային Ղարաբաղում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նա այստեղ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ ԼՂՀ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հետ միասին ներկա է գտնվել ԼՂՀ Պաշտպանության բանակի զորավարժություններին:

Զորավարժությունները, որոնք ընթանում են Աղդամի մոտակայքում, կտեւեն մինչեւ նոյեմբերի 14-ը, որոնք, ըստ Սերժ Սարգսյանի, պատասխան են սահմանի մյուս կողմում հնչող սպառնալիքներին: «Զորավարժությունները, որ առավելագույնս մոտ էին մարտական իրադարձությանը, պետք է զգուշացում լինի ուրիշների համար` եթե հանկարծ գա ժամը, մենք կարողանալու ենք ոչ թե կրկնել այն, ինչ տեղի ունեցավ 92-94 թվականներին, այլ մենք վերջնականապես խնդիրը լուծելու ենք, վերջնականապես հարցը փակվելու է», - հայտարարել է նա ու հավելել, որ ձեռնարկվելու են բոլոր քայլերը` սահմաններն անառիկ պահելու ու հայ զինվորի կյանքն անվտանգ պահելու համար:

«Որովհետեւ շարունակվում են սադրանքները, որովհետեւ շարունակվում են կրակոցները, զոհվում են մարդիկ, ու ոչ բոլորն են պատշաճ ուշադրության արժանացնում Ադրբեջանի այսպիսի պահվածքը»,-ընդգծել է ՀՀ նախագահը:

Նշենք, որ մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդես էր եկել հերթական սադրիչ հայտարարությունով՝ հայկական կողմին սպառնալով պատերազմով եւ ադրբեջանական բանակի «մարտունակությամբ»։ Նա ընդգծել էր, որ Ադրբեջանն անում է ամեն բան Հայաստանին աշխարհից մեկուսացնելու համար։ «Հայաստանն այժմ աշխարհագրական փակուղի է»,- հայտարարել էր նա։

Այս առնչությամբ, Սերժ Սարգսյանն ասել է. «Մենք երբեք չենք ցանկացել պատերազմ, մենք այն ժամանակ ուղղակի պարտադրված էինք պաշտպանելու մեր հայրենիքը, հիմա էլ մենք երբեք նախահարձակ չենք կարող լինել, բայց եթե պահը գա, եթե մեզ պարտադրեն, ապա այս անգամ մեր հարվածը պետք է լինի կործանարար եւ վերջինը»: