ԱՄՆ Չիկագոյի շրջանային դատարանը Microsoft ընկերության դեմ հավաքական հայց է ստացել, Windows 10 օպերացիոն համակարգի անկայուն աշխատանքի պատճառով, հայտնում է The Register-ը։

Հայցը նախաձեռնողները երեք ամերիկացիներ են, որոնք չէին կարողացել վերականգնել իրենց արժեքավոր տեղեկությունները Windows 10 համակարգի անսպասելի թարմացումից հետո։

Հայցում ասվում է, որ Windows 10-ը  խոտանով արտադրանք է, ու որ Microsoft -ն ունակ չէ բացահայտ հայտնել դրա տեղադրման հետ կապված պոտենցիալ ռիսկերի մասին։ Պարբերականը նշում է, որ հայցվորները արժեքավոր տեղեկություններ են կորցրել,  քանի որ նոր ՕՀ-ն շատ անկայուն է գործում։

Դատարանում տուժածների շահերը ներկայացնող փաստաբանները պնդում են, որ ընկերությունը փոխհատուցի այն կորուստները, որոնք կրում են հազարավոր օգտատերեր  Windows 10-ին անցնելու հետեւանքով։ Նրանց կարծիքով օգտատերերը պետք է  տեղադրման օրվանից սկսած 30  օրվա երաշխիք ստանան։

Բողոքում նաեւ նշվում է, որ Windows 10 օպերացիոն համակարգը հաճախ օգտատերերին չի տեղեկացնում զանգվածային թարմացման մասին, ինչի հետեւանքով կարեւոր տվյալները կորում են։