Եթե Վրաստանը Հայաստանին իրապես դիտարկում է որպես բարեկամական երկիր, ապա, ի նշան այդ բարեկամության, Հայաստան-Ռուսաստան գազատարի իր տարածքով անցնող հատվածը պետք է վաճառի Հայաստանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ջավախք» հայրենակցական միության ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը: «Եթե դա չի արվում եւ գազատարը չի վաճառվում հայկական կամ ռուսական ընկերությանը, այլ ադրբեջանական ընկերության, ապա անմեղության կանխավարկածը հաշվի առնելով պետք է կարծել, որ դա բիզնես ծրագիր է եւ ադրբեջանցիները պարզապես հետապնդում են բիզնես ծրագիր: Չնայած ես դրանում խիստ կասկածում եմ»,-նկատեց պատգամավորը: Նա նշեց, որ եթե գազատարը վաճառվի Ադրբեջանին, ապա այդ երկիրն անպայման կփորձի խոչընդոտներ ստեղծել Հայաստանին գազով սնուցելու հարցում: «Տվյալ դեպքում նրանք խնդիրներ կունենան մատակարարող երկրի՝ Ռուսաստանի հետ: Իսկ եթե վրացական պետությունը գազատարը վաճառելով ադրբեջանցիներին մեզ համար լրացուցիչ խնդիրներ ստեղծեց եւ հանդուրժեց գազի մատակարարման հետ կապված խոչընդոտները, ապա դա պետք է դիտել որպես թշնամանք մի երկրի կողմից մեկ այլ երկրի հանդեպ: Իսկ թշնամանքի պարագայում այլ ճանապարհով եւ այլ բնույթի պատասխան է տրվում»,-հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Նշենք, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը հայտ է ներկայացրել՝ գնելու Հայաստան-Ռուսաստան գազատարի Վրաստանի տարածքով անցնող հատվածը: Ընկերությունն արդեն դիմել է գազատարի սեփականատիրոջը՝ Վրաստանի գազային պետական ընկերությանը: