Հաշվի առնելով Հայաստանում գոյություն ունեցող դատաիրավական համակարգը, որը գտնվում է տարբեր անձանց իշխանության ներքո՝ մենք հավատում ենք Սամվել Բաբայանի փաստաբանին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 27-ին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը՝ խոսելով գլխավոր դատախազության տարածած հայտարարության մասին։

Նրա խոսքով՝ Սամվել Բաբայանի գործով նրանք կապ են պահում փաստաբանի հետ։ «Եւ մենք հիմնվում ենք նրա խոսքերի վրա։ Կարծում եմ, որ փաստաբանն այս կարճ ժամանակահատվածում չէր կարող Սամվելի խոսքերին, մտքերին հակասող տեղեկություն տարածել», - նշել է Օհանյանը։

Խոսելով ներքաղաքական նպատակներով «Իգլա» ԶՀՀ-ի օգտագործման մասին՝ պաշտպանության նախկին նախարարը հարց է տվել. «Ո՞վ է այն մարդը, ով մասքսանենգ ճանապարհով «Իգլա» կբերի Հայաստան։ Թող այդ մարդը հայտնվի, թող ցուցմունք տա, քանի որ այն, ինչ մենք տեսել ենք լուսանկարներում, սյունանման սարքեր էին, որոնք չեն կարող կրակել»։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Հարցաքննության ընթացքում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ու մյուս կալանավորվածները խոստովանել են իրենց մասնակցությունը «Իգլա» ԶՀՀ-ի եւ 9М39 հրթիռի մաքսանենգությանը։ Նրանք գործի հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ են ներկայացրել»։

Սամվելի Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը հերքել է այս տեղեկությունը։ Նրա խոսքով՝ Սամվել Բաբայանն իրեն մեղավոր չի ճանաչում եւ պնդում, որ դրա հետ ոչ մի կապ չունի։