Էս ամբողջ ազգը թողել է իր ամբողջ գործերը, կպել է դպրոցներից եւ դպրոցների տնօրեններից: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն՝ անդրադառնալով 114 դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների կողմից ՀՀԿ-ի օգտին ցուցակագրումներ անելու եւ դրանք մարզպետարաններին ու քաղաքապետարաններին փոխանցելու վերաբերյալ սկանդալային ձայնագրություններին:
«Ընտրական պայքար է. ինչպես դուք, ինչպես բոլորը, այնպես էլ դպրոցի տնօրենները, ուսուցիչները, տարբեր կրթական ասպարեզները մասնակցելու են այս ընտրություններին: Այստեղ ես որեւէ բացասական երեւույթ չեմ տեսնում եւ չեմ էլ կարծում, որ դա հասարակական քննարկման առարկա է: Մեր ժողովուրդը պիտի կարողանա հիշել մի բան. պիտի մեծ հարգանք ունենա դպրոցի նկատմամբ եւ առողջապահության նկատմամբ»,-ասաց նա:
«Այն ժողովուրդը, որը կորցրել է իր պատկերը եւ յուրաքանչյուր դեմք մասնավորեցնելու համար հղում է կատարում դեպի դպրոց, էստեղ մենք մեծ խնդիրներ ունենք: Մարդիկ մտածում են, որ դասատու են, ուսուցիչ են, շատ վատ կզգանք, մյուս տեղերին երբեք չկպնենք, դպրոցը հենց միակ տեղն է. այդ խնդիրները որեւէ առնչություն չունեն ընտրական օրենքների խախտման հետ»,-ընդգծեց ԱԺ նախագահը:
Դիտարկմանը, որ նույն ԿԳ նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ դպրոցները չպետք է քաղաքականացնել, գալուստ Սահակյանն արձագանքեց. «Դա ես էլ եմ կրկնում, ես էլ եմ ասում: Նաեւ օրենքի մեջ երբ առաջարկություն եղավ, առաջիններից մեկը ես եմ, որ օրենքի մեջ մտցրեցինք դա: Դուք մտածում եք՝ դպրոցի տնօրենները, ուսուցիչները գնում են, աշակերտներին տուն են ուղարկում, դասեր չեն անում եւ զբաղվում են ընտրապայքարո՞վ: Նման բան, ես կարծում եմ՝ դա մտածելու խնդիր էլ չունի: Էնպես որ, շատ լավ կլինի՝ մեր ազգն իր ողջախոհությունը, իր տեղը պահի, իսկ ազգը պահում է, իսկ ազգի քաղաքական գործիչները դաղում են նաեւ դպրոցին՝ մտածելով, որ դպրոցը թույլ օղակ ա եւ ոչինչ չի կարող անել»:











