«Ծառուկյան» դաշինքի կողմից Շիրակի մարզում տարածքային ցուցակով առաջադրված Վարդան Ղուկասյանը քարոզարշավի ընթացքը գերազանց է գնահատում։ Այսօր՝ մարտի 28 –ին, մարզահամերգային համալիրում Ծառուկյան դաշինքի ամփոփիչ քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում Վարդան Ղուկասյանը նշեց, որ Ծառուկյան դաշինքի քարոզարշավն անցել է օրենքի սահմաններում. «Գեղեցիկ, նորմալ, օրենքի սահմանում անցավ, Շիրակում նույնպես»:

Լրագրողների հարցին՝ ինչու Շիրակի մարզում ինքն ակտիվ քարոզարշավ չի անցկացրել ընտրողների հետ, վարդան Ղուկասյանը նշեց, որ այս անգամ ընտրողների հետ հանդիպումներն այլ ֆորմատով են տեղի ունեցել. «Ով ա ասել, որ ակտիվ քարոզարշավ չի եղել, ուղղակի այս անգամ փոխել ենք հանդիպման ձեւը, խումբ-խումբ ենք անցկացրել, նաեւ լրատվամիջոցների միջոցով շատ գեղեցիկ հանդիպումներ ենք անցկացրել»։

Վարդան Ղուկասյանը ընտրողներին հորդորեց ապրիլի 2-ի ընտրություններին գնալ քաղաքական ուժերին ըստ արժանվույն գնահատելով։ «Թող նայեն յուրաքանչյուրի գործը, մարդկանց այդպես են ճանաչում, եւ ընտրությունների օրը հենց դրանով էլ առաջնորդվեն։ Ձայն բազմաց, ձայն Աստծո, երանի խաղաղասերներին, որոնք աստծու զավակներ պիտի կոչվեն։ Հանգիստ համերաշխ գնանք ընտրությունների, էդքան բան»:

Վարդան Ղուկասյանը խուսափեց պատասխանել, թե եթե իշխանությունները ընտրությունները կեղծեն, փողոց դուրս կգան պայքարելու, թե ոչ, նշելով, որ ինքը Նոստրադամուսը չէ։