Ucom ընկերությունը տեղակայել է տարածաշրջանում առաջին Cloudflare դատա կենտրոնը: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, սրա շնորհիվ Հայաստանի բաժանորդների համար միլիոնավոր կայքեր կբացվեն մի քանի անգամ ավելի արագ (Հայաստանում` շուրջ 800, աշխարհում` ավելի քան 6 մլն կայք): Սրանք բոլոր այն կայքերն են, որոնք գտնվում են Cloudflare-ի պաշտպանության տակ:

Ինչպես պարզաբանեց ՏՏ աուդիտոր Ռուբեն Մուրադյանը, օգտատիրոջը հասնելիս այդ կայքերի տվյալները պիտի անցնեն ամենամոտ Cloudflare-ի դատա-կենտրոնով: Այդ պատճառով բազմաթիվ կայքեր Հայաստանում բացվում էին ոչ թե անմիջապես սերվերից, այլ ճանապարհին մտնում այլ երկրում տեղադրված Cloudflare կենտրոն: Այժմ տրաֆիկը կգա ուղիղ գծով, այսինքն` այդ կայքերը կբացվեն ավելի արագ:

Ucom-ում տեղակայված այս կենտրոնից հնարավոր է օգտվել ոչ միայն այդ ընկերության ցանցում, այլ նաեւ` բոլոր այն ինտերնետ օպերատորների մոտ, ովքեր համակցում (պիրինգ) ունեն Ucom-ի հետ: «Այս պահին մենք համագործակցում ենք ոչ միայն Հայաստանի օպերատորների մեծ մասի հետ, այլ նաեւ` հարեւան երկրների մեր գործընկերների: Իսկ քանի որ տարածաշրջանում Cloudflare այլ կենտրոն չկա, ապա մենք կարող ենք նրանց առաջարկել օգտվել մեր կենտրոնից եւ իրենց ռեսուրսների cache-երը պահել մեզ մոտ», - ասաց Եսայանը:

Իր հերթին, Ռուբեն Մուրադյանը հավելեց, որ Cloudflare-ը հատկապես էֆեկտիվ է պաշտպանում զանգվածային տրաֆիկի գրոհներից (DDoS), որոնք շուրջ 7-8 անգամ ակտիվանում են Ադրբեջանից` սրացումների ժամանակ: