Այն, ինչ գիտենք բանակում կատարվող բացասական երեւույթների մասին, դեռ ամբողջը չէ։ Օրինակ, Զինված ուժերում գրանցված 34 մահացուոթյան դեպքերից Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել  է միայն 10- ի մասին։ Նոյեմբերի 15-ին «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից կազմակերպված «Բանակ և հասարակություն» խորագրով քննարկման ժամանակ նման վիճակագրություն ներկայացրեց Հայաստանի հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

«Մեզ հայտնի են 34 մահացության դեպքեր, մինչդեռ Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է միայն  10-ը։ Մնացած դեպքերի մասին չի հաղորդվում, եւ մենք էլ դրանց մասին ոչինչ չենք իմանում։ Զինված ուժերը փակ համակարգ է։ Սակայն ՊՆ պետք է հստակեցնի այդ համակարգի փակ լինելու սահմանը»,- նկատեց Սաքունցը։

ՀՀ պաշտպանության նախարարության պաշտապանության քաղաքականության վարչության իրավաբանական բաժնի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ավետիսյանն իր հերթին նկատեց, որ ժամանակաշրջանը ստիպում է, որ փակ համակարգերում տեղի ունեցող իրադարձություններն էլ ժամանակ առ ժամանակ դուրս ժայթքեն։ «Հասարակությունից որեւէ բան թաքցնել հնարավոր չէ։ Միտքը, թե ՊՆ միտումնավոր չի հրապարակում բանակում տեղի ունեցած ինչ-ինչ իրադարձությունները, սխալ է»,- հավաստիացրեց նա։

ՊՆ ներկայացուցչի խոսքով, հասարակության խնդիրները վաղ թե ուշ արտացոլվում են բանակում, եւ սա խիստ բնական է։ «Բանակում խնդիրներ պետք է որ լինեն։ Աշխարհի գրեթե բոլոր բանակներում շատ լուրջ խնդիրներ կան, պարզախպես մեզ նման փոքր հասարակություններում դրանք ավելի նկատելի են լինում։ Հայկական բանակում տարեցտարի բարեփոխումներ են իրականացվում, սա էվոլյուցիոն գործընթաց է, սակայն նրանք, ովքեր չեն ուզում տեսնել դրանք, չեն էլ տեսնի»,- ասաց նա։

Սրան ի պատասխան՝ Հայաստանի հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը նկատեց, որ եթե բանակում բարեփոխումներ իրականացված լինեին, ապա երիտասարդներն ավելիւ վստահ եւ կամավոր հիմունքներով կմեկնեիկն  բանակ։ «1989թ.-ին, երբ դեռ բանակը դեռ ձևավորված էլ չէր, մարդիկ կամավոր գնում էին ծառայելու։ Այսօր, երբ ունենք կազմավորված կառույց, մարդիկ պարտադրանքով են գնում այնտեղ։ Երբ Պաշտպանության նախարարությունը չի կարողանում անել այնպես, որ հեղինակավոր մարդկանց երեխաները ծառայեն ն ույն հիմունքներով, ինչ որ սովորական մարդկանց երեխաները, նշանակում է ոչ մի բարեփոխում էլ չկա»,- ամփոփեց Սաքունցը։