Հարավկորեական տեխնոլոգիական Samsung կոնցեռնը մարտի 29-ին Նյու Յորքում կներկայացնի Galaxy S8 սմարթֆոնի նոր մոդել, որի միջոցով ընկերությունը հույս ունի հաղթահարել ճգնաժամը։ Շնորհանդեսից առաջ կոնցեռնը փորձել է չբացահայտել նորույթի մանրամասները, խոստանալով միայն «նոր դարաշրջանի սկիզբ», հայտնում է DW-ը։

Լուսանկարներում երեւում է, որ նորույթը մոտավորապես նույն չափսերն ունի, ինչ նախորդ մոդելը, բայց դիսփյելի չափն է ավելացել՝ այն զբաղեցնելու է սմարթֆոնի ամբողջ առջեւի մասը։ WinFuture,կայքի տվյալներով, S8-ի ստանդարտ տարբերակն ունենալու է 5․8 դյույմանոց դիսփյել, իսկ Plus տարբերակը՝ 6․2 դյույմանոց, ինչը զգալիորեն մեծ է iPhone 7-ի էկրանից։

Լրատվամիջոցները նաեւ հայտնել են, որ Samsung –ը մտադիր է S8-–ի հետ միասին առաջինը շուկա հանել մի շարք տեխնոլոգիական նորույթներ, որոնցով սարքավորված է լինելու նոր iPhone –ը, որի շնորհանդեսը ծրագրված է 2017-ի աշնանը։ Թե երբ է S8-–ը հայտնվելու վաճառքում՝ դեռ հայտնի չէ, դրա գինը կազմելու է 820-920 եվրո։

Կոնցեռնը հույս ունի այս նորույթի միջոցով մոռացության մատնել Galaxy Note 7–ի հետ կապված սկանդալը, որի մեջ տաքացումից մարտկոցը պայթում էր։ Այդ խնդիրը ընկերությունն այդպես էլ չէր կարողացել լուծել, արդյունքում դադարեցրել էր այդ մոդելի արտադրությունը, ինչից ընկերության հեղինակությունը զգալիորեն տուժել էր։