Հայկական բանակում այսօր «դեդովշինա» գոյությնուն չունի, նոյեմբերի 15-ին «Բանակ և հասարակություն» խորագրով հրավիրած քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Ավետիսյանը։

Նրա խոսքով, բանակում եղած նմանօրինակ մի քանի դեպքերը չպետք է ընդհանրացնել եւ ներկայացնել իբրեւ համատարած երեւույթ։ «Եթե անգամ նման երեւույթներ կան, փորձում ենք բացառել դրանք»,- հավաստիացրեց նա։

Ի հաստատում նրա այս հավաստիացման՝ ծառայությունից բոլորովին վերջերս վերադարձած «Իմպուլս» ռադիոկայանի ծրագրերի տնօրեն Գարգեին Խումարյանը նկատեց. «Դասական «դեդովշինա» Հայաստանի ԶՈՒ-ում իսկապես չկա, սակայն՝ ցավոք սրտի։ Երեւույթն իր դասական, այսինքն՝ կարգուկանոնի տեսանկյունից իրականացվող վերահսկողության տեսանկյունից շատ օգտակար կլիներ։ «Դոդովշինա» չլինելու պատճառով «խեղճ» երախաները 2 տարի շարունակ խեղճ էլ մնում են։ Իսկ ընդհանուր առմամբ, բանակում լինում են բաներ, որոնք չպետք է լինեն»,- ասաց Գարգեին Խումարյանը՝ նկատի ունելավ զինվորների վրա գործադրվող ճնշումները եւ բռնությունները։

Հայաստանի հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ իր հերթին ավելացրեց, որ հայկական բանակում կատարվող բռնությունները եւ զինծառայողների արժանապատվությունը վիրավորող դեպքերը խիստ խնամքով թաքցվում են հասարակությունից։

«Սակայն փակ կամ ոչ հրապարակային ձեւով խնդիրներ չեն լուծում։ Ճիշտ է, ԶՈՒ-ում կան մարդիկ, ովքեր խորապես կողմ են համակարգում առկա խնդիրների լուծմանը, սակայն նրանց թիվը շատ քիչ է»,- ասաց Սաքունցը։