Հայաստանի կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 15-ին կրկին պնդել է երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ նվազագույն աշխատավարձի մասին օրենքի ընդունման վրա, որը նախատեսում է 2,5 հազարով ավելացնել այն:
Այդկերպ, ըստ փաստաթղթի, նվազագույն աշատավարձը Հայաստանում կազմում է 32 հազար 500 դրամ: Ընդ որում, կառավարությունը բացասական եզրակացություն է տվել «Ժառանգություն» կուսակցության առաջարկին՝ նվազագույն աշխատավարձը հասցնել 45 հազար դրամի, քանի որ դա, ըստ գործադիրի, կխախտի հանրապետության մակրոտնտեսական կայունությունը: Սոցապ փոխնախարար Արթուր Գրիգորյանի խոսքով, դրա համար հավելյալ 100 մլրդ դրամ է անհրաժեշտ:
Ի պատասխան ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նկատել է. «Հանրապետությունում մակրոտնտեսական իրավիճակն արդեն իսկ խախտվել է: Ինչ վերաբերվում է 100 մլրդ դրամին, այդ ցուցանիշը չի համապատասխանում իրականությանը: Նվազագույն աշխատավարձը 45 հազար դրամի հասցնելու համար կպահանջվի ընդամենը 11 մլրդ դրամ: պաշտոնապես եմ հայտարարում»:
Իր հերթին Արմեն Մարտիրոսյանը նշել է, թե չի հասկանում կառավարության տրամաբանությունը, որը նվազագույն աշխատավաձը սահմանել է 32,5 հազար, իսկ նվազագույն սպառողական զամբյուղը կազմում է 41 հազար դրամ: «Պետք չէ զբոսնել միայն Երեւանի կենտրոնական փողոցներով եւ դատել երկրի սոցիալական վիճակի մասին»,- նշել է Մարտիրոսյանը:
Կառավարության ներկայացուցիչը խոստացել է, որ հաջորդ տարի նվազագույն աշխատավարձը կհավասարեցվի նվազագույն սպառողական զամբյուղին:





























